Երեկ գիշեր Մոսկվայի «Ցարիցինո» միկրոշրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով, որն ուղեկցվել է դանակահարությամբ ու կրակոցներով, հինգ մարդ վնասվածք է ստացել: Կռիվը տեղի է ունեցել կեսգիշերին Տովարիշչեսկոե փողոցի 6-րդ տան մոտ, որի ժամանակ մի քանի տղամարդ վնասվածքներ են ստացել ատրճանակի կրակոցներից: Բոլոր հինգն էլ հոսպիտալացվել են շտապօգնության մեքենաներով:

Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, հղում անելով իրավապահ մարմիններին, տուժածների շարքում կան արտասահմանցիներ: «Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ անծանոթները ատրճանակով վիրավորել են 4 ՀՀ քաղաքացիների եւ մեկ հոգու` Հյուսիսային Կովկասից: Բացի այդ, նրանցից մեկի ձեռքն են կտրել»,- հաղորդում է աղբյուրը:

Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են ատրճանակի մի քանի 9 մմ-անոց պարկուճ: ներկայումս քննիչները ուսումնասիրում են մոտակա տան մուտքը տեսագրող սարքի ձայնագրությունը: Տուժածները հայտարարում են, որ իրենց վրա հարձակվել են անծանոթ մարդիկ: