Մեծ Բրիտանիայի դրամային պալատը (Royal Mint) պատրաստել է Միացյալ Թագավորության պատմության մեջ ամենախոշոր ոսկե մետաղադրամը՝ 17,5 սմ տրամագծով, 5 կգ քաշով եւ 5 000 ֆունտ սթեռլինգին համարժեք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Evening Standard-ին։
Առայժմ հատվել է «Մեծ փորագրողներ» շարքից միայն մեկ այդպիսի մետաղադրամ։ Դրա վրա Վիկտորյա թագուհու (1819-1901) պատկերն է՝ ստեղծված 1828-1851թթ․ Թագավորական դրամային պալատի գլխավոր փորագրող Ուիլյամ Ուայոնի դիզայնով։
Դիմերեսին պատկերված է կողքից առյուծ տանող միապետը։ Կենդանիների թագավորը խորհրդանշում է Բրիտանական կայսրությունը։ Դարձերեսին 20-ամյա Վիկտորյայի պրոֆիլն է։ Առաջին մետաղադրամները, որ չափերով անհամեմատելի են այժմյանների հետ, հատվել են 1839թ․ (Վիկտորյայի գահ բարձրանալուց երկու տարի անց)։
Royal Mint-ի այժմյան գլխավոր փորագրող Գորդոն Սամերսի խոսքերով՝ հսկայի ստեղծման ժամանակ օգտագործվել են փորագրման ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Վարպետի դիզայնի ճիշտ վերարտադրման համար մոտ 200 տարի առաջ օգտագործված օրիգինալը ենթարկվել է էլեկտրոնային սքանավորման։ Վերջին շտրիխը եղել է ձեռքով հնության փայլեցումը, որպեսզի ապահովվի բարձրագույն մակարդակ։ Մետաղադրամն արդեն վաճառվել է, գինը չի հրապարակվում։
Ուայոնի ստեղծագործությանը նվիրված այս շարքին են դասվում ավելի փոքր՝ 2 կգ քաշով մետաղադրամներ։ Թագավորական դրամային պալատի տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ, կհատվի 4 մետաղադրամ։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է 119,95 հազար ֆունտ սթեռլինգի։ Հավաքածուի մեջ են մտնում նաեւ նույն դիզայնով ոչ մեծ արծաթե մետաղադրամներ՝ 180 ֆունտ սթեռլինգ արժողությամբ։
Դրամային պալատի ներկայացուցիչ Նիկոլա Հաուելի խոսքերով՝ «Ուայոնի դիզայնը ամենապահանջվածներից է ամբողջ աշխարհի հավաքորդների շրջանում, եւ դրա մանրամասները իրոք կարելի է գնահատել 5 եւ 2 կիլոգրամանոց մետաղադրամների վրա»։





























