Կատարը եւ Քուվեյթը Միացյալ Նահանգներին հայտնել են, որ իրենք միանում են Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմածովային կոալիցիային, որը ստեղծվել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին հայտարարել է կոալիցիայի շտաբի պետ, բանակի գնդապետ Ջոն Կոնկլինը, հայտնում է Reuters-ը։

Կոալիցիան, որ բազավորված է Բահրեյնում եւ հայտնի է որպես Ծովում անվտանգության միջազգային կառույց (IMSC), ձեւավորվել է այս տարի մի քանի գրոհներից հետո, որոնք մեծացրել են Պարսից ծոցից Օրմուզի ջրանցքով նավթի արտահանումը խափանելու վտանգը։ ԱՄՆ-ը հարձակումների մեջ մեղադրել էր Իրանին, Թեհրանը մեղադրանքները հերքում է։

«Կատարն ու Քուվեյթը արդեն հայտնել են մեզ, որ պատրաստվում են միանալ, այնպես որ դա ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է Կոնկլինը։ Նրա խոսքերով, նրանք պետք է անձնակազմ եւ պարեկային նավեր տրամադրեն։

Առայժմ կոալիցիային միացել են Ալբանիան, Ավստրալիան, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բրիտանիան։

Միաժամանակ, Ֆրանսիան գլխավորում է եվրոպական առաքելությունը՝ որն անկախ է ԱՄՆ-ի ծովային նախաձեռնությունից։

«Որքան ինձ է հայտնի, ոչ ոք չի միացել (ֆրանսիական) կոալիցիային, նրանք փորձեցին, սակայն հաջողության չհասան»,- ասել է Կոնկլինը։