«Մենք չգիտենք թե հայ-թուրքական այս գործարքից, որը գաղտնի ձեւով կատարվել է Շվեյցարիայում, ի՞նչ ենք իրականում ստանում մենք, ինչ՝ իրենք»,- այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով, թուրքերը ռազմավարության տեսանկյունից երբեւիցէ ոչ մի անգամ իրենց շահերին դեմ դուրս չեն գալիս, բայց մարտավարական տեսանկյունից՝ կարող է պատահի այդպիսի քայլի դիմեն։ Օրինակ՝ այսօր համարվում է, որ Թուրքիան ոտնահարում է Ադրբեջանի շահերը, սակայն դա այդպես չէ, ասաց Սարգսյանը։
«Աշխարհում, ինչ էլ փոխվի, պետության շահը կմնա առաջնային, իսկ Թուրքիայի պետության շահը մեկն է՝ ավելի հզորանալ եւ եղբայր ժողովրդների հետ միավորվել, իսկ այդ ճանապարհին Թուրքիայի այսօրվա միակ խոչընդոտը Հայաստանն է»,- հավաստիացրեց նա՝ հավելելով, որ իրենց կուսակցության առաջարկները վաղը ինքը կներկայացնի խորհրդարան:
«Առանց խմբագրման, այս արձանագրությունները մեզ համար ընդունելի չեն։ Մենք պահանջելու ենք, որպեսզի փաստաթուղթը անցնի միջազգային իրավական փորձաքննություն»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ արձանագրությունները ընդհանրապես վավերացման ենթակա չեն, եւ դա կատարվում է միմիայն թուրքական կողմի պահանջով, որովհետեւ Թուրքիան դեռ համոզված չէ, որ Հայաստանը կկարողոնա երկկողմ պայմանագիր կնքել, այդ պատճառով էլ շտապում է ամրագրել այդ արձանագրությունները։
Վերջում նա հույս հայտնեց, որ նախագահի Սփյուռք այցելության ժամանակ մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ կդնեն նախագահի առջեւ։ «Կարծում եմ, որ այս այցի արդյունքում որոշակի կփոխվի նաեւ իշխանական թեւում առկա մոտեցումը»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։




























