Սքոդլանդ Յարդը նշել է Լոնդոնի կամրջի վրա հարձակման մեջ կասկածվողի անունը. նա մինչ այդ 8 տարի նստել է ահաբեկչական հանցագործություն կատարելու պատճառով, գրում է The Guardian-ը։

Ինչպես նշում է պարբերականը, կասկածյալը 28-ամյա Ուսման Խանն է, որը բանտից ժամանակից շուտ ազատվել էր 2018 թվականի դեկտեմբերին։

Նա մեղավոր է ճանաչվել 2012 թվականին կատարած հանցագործության մեջ, ներառյալ ահաբեկչական գործունեության պլանավորումը եւ միջոցների հավաքումը. նա պատրաստվում էր Քաշմիրում բացել ահաբեկիչների ուսուցման կենտրոն։

Դատավորն այն ժամանակ Խանի պլանները որակել էր «լուրջ, երկարաժամկետ, վտանգավոր ահաբեկչական սկիզբ» եւ նախազգուշացրել, որ նա կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար նաեւ ապագայում։

Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնի կամրջի վրա տեղի է ունեցել միջադեպ. տղամարդը դանակով հարձակում է գործել՝ սպանելով երկու մարդու։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը գնդակահարել է կասկածյալին։