Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կայացել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ թվով 5-րդ համահամայնքային քննարկումը, որին մասնակցել է շուրջ 140 մարդ: Նշենք, որ նախորդող երկու օրերին համանման քննարկումներ կազմակերպվել էին Արտաշատ, Եղեգնաձոր, Սիսյան և Մարտունի քաղաքներում: Քննարկումների նախաձեռնող «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը նշել է, որ իրենք նախապես դիմել էին մարզպետարաններ, տեղի հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կազմակերպություններին, որպեսզի հրավիրվելիք քննարկումներում ներգրավվեն մարզի բնակչության բոլոր շերտերը` ըստ տարիքի, սեռի ու սոցիալական կարգավիճակի:
Քննարկումների արդյունքում 59 հոգի համարել է, որ սահմանի բացումը և երկխոսության սկիզբը կհանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը: Նախադրյալներ կստեղծվեն նաև տնտեսության զարգացման և առողջ տնտեսական մրցակցային հարաբերություններ սկսելու համար` կապված տարածաշրջանում միջազգային կորպորացիաների կողմից արվող ներդրումների հետ: Իսկ 24 հոգի էլ առավել հավանական են համարել սցենարը, ըստ որի, Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումից հետո կսկսվի հայ-թուրքական երկխոսության գործընթացը: Չնայած միջազգային հանրությունը դա կդիտի որպես առաջընթաց, բայց այդ երկխոսությունը իրական տեղաշարժեր չի առաջացնի ու կընթանա բավական լարված մթնոլորտում:




























