Թուրքական դպրոցական նոր դասագրքերի քարտեզում Հայաստանը ներառված է Թուրքիայի կազմում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ekolay կայքէջը եւ ներկայացնում այդ քարտեզը։
Ստամբուլի բոլոր դպրոցներին բաժանված դասագրքերի հետ տրվել են կրթական CD-ներ, որոնց մեջ տեղադրված քարտեզում հայտնվել են մի շարք աղաղակող սխալներ։ Այդ սկավառակի մեջ հայտնված քարտեզում Հայաստանը, Հյուսիսային Իրաքը, (Մոսուլ, Քիրքուք)Արեւմտյան Թրակիան (Բուլղարիայի մի մասը), Հարավային Կիպրոսի հունական մասը, Վրաստանի մի մասը՝ ներառյալ Բաթումը, ինչպես նաեւ Նախիջեւանը նշված են Թուրքիայի կազմում։
Դասագրքերում կան նաեւ այլ սխալներ։ Օրինակ՝ Թուրքիայի ազգային տոների ցանկում չի նշված թուրքերի համար շատ կարեւոր՝ Հաղթանակի օրը։
Դասագրքերի եւ տեսասկավառակների հանձնումը դպրոցներին տեղի է ունեցել հատուկ արարողությամբ։
Այս խնդրի կապակցությամբ Ստամբուլի Ազգայի կրթության վարչության պետը հայտնել է իր ափսոսանքը։ Նա նշել է, որ դա մեծ սխալմունք է։




























