Այսօր լրագրողների հետ հանդիպեցին սփյուռքում լույս տեսնող եւ հեռարձակվող մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ իրենց վերաբերմունքն արտահայտելու նախագահ Սերժ Սարգսյանի սփյուռքի գաղթօջախներ կատարելիք այցի վերաբերյալ։

Լիբանանում լույս տեսնող «Արարատ» պարբերականի խմբագիր Ահարոն Շեխերդեմյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի սփյուռք կատարելիք այցելությունը շատ ուշացած է։ Խմբագրի համոզմամբ, հայ-թուրքականան հարաբերությունների շուրջ Հայաստանի իշխանությունների ունեցած տեսլականի մասին Նախագահը սփյուռքին դեռեւս անցած տարի Մոսկվայում կատարած հայտարարության նախօրեին պետք է տեղյակ պահեր։

Ահարոն Շեխերդեմյանն ասում է, որ նախագահը թող չկարծի, թե 7-օրյա այցելություններով եւ ճաշկերույթներով կկարողանա «բավարարել» Սփյուռքին։

«Նախագահի այցելությունը բոլորովին համոզիչ չէ եւ մենք մերժում ենք այդ տեսակ ճաշկերութային այցելությունները», նշել է նա։

«Մասիսի» շաբաթերթի քաղաքական լուրերի բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը եւս Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը ուշացած է համարում։ Լոս Անջելեսում լույս տեսնող պարբերականի ներկայացուցիչն ասում է, որ ավելի լավ կլիներ, եթե նախագահը ճաշկերույթի փոխարեն տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպեր եւ նրանց կարծիքը լսեր։

Թեեւ նախագահը Հարավային Ամերիկայում չի լինի, այնուամենայնիվ հնարավորություն կունենա լսելու տեղի հայկական գաղթօջախի կարծիքը։ Ուրուգվայի հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչներ մեկնելու են Լոս Անջելես՝ մասնակցելու ճաշկերույթին։ Ուրուգվայում հեռարձակվող հայկական «Արաքս» ռադիոկայանի խմբագիր ԴիեգոԿարամանուկյանն ասում է, որ նրանք հիասթափված են, քանի որ ԱՄՆ այցելությունը պահանջում է 3 ամսյա փաստաթղթային քաշքշուկներ։ Խմբագիրն ասում է, որ իրեն հստակ հասկանալի չէ նախագահի ուղեւորության նպատակը։

«Ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչն է նախագահի արտասահման ուղեւորվելու նպատակը։ Ինչի՞ մասին պիտի խոսի, ի՞նչ պիտի փոխի, եթե ամեն ինչ արդեն որոշված է եւ նախաստորագրված արձանագրությունները փոփոխման ենթակա չեն»։

Լոնդոնյան «Նոր սերունդի ձայն» ամսաթերթի խմբագիր Մանուել Ադամյանի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքի 95 տոկոսը համաձայն չէ նախաստորագրված արձանագրություններին։ Խմբագրի համոզմամբ, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի ճնշմամբ են Թուրքիայի հետ բանակցություններ սկսում"։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա համահայկական ուղևորություն է կատարելու Սփյուռքի գաղթօջախներ, մասնավորապես՝ Բեյրութ, Փարիզ, Լոս Անջելես, Նյու Յորք, Դոնի Ռոստով եւ այլն: Այցելության նպատակը Սփյուռքի ներկայացուցիչների հետ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների քննարկումն է:

Նշենք նաեւ, որ վերոնշյալ բոլոր լրատվամիջոցների խմբագիրները Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ են։