ԵԽԽՎ-ում 2005-ին ստեղծված ԼՂ հարցով ենթահանձնաժողովն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ապացուցեց իր անկարողությունը` հայ եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու առումով` մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջը»: Այս մասին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, հենց այդ ձախողմամբ է պայմանավորված եղել ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցումը եւ ոչ թե Լորդ Ռասսել-Ջոնսթոնի հանկարծահաս մահով:
«Այդ իսկ պատճառով մենք հարցականի տակ ենք դնում այս հատուկ ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ եւ ազնիվ մղումները»,- ասել է Հարությունյանը:
Հայկական պատվիրակության ղեկավարը կարծիք է հայտնել, որ հայ եւ ադրբեջանական հասարակությունների հաշտեցման նվազագույն քայլը կարող է լինել միայն երկու պատվիրակությունների միջեւ առկա լարվածությունը նվազեցնելուն միտված ձեռնարկները:





























