Երեւանում բնակելի շենքի բակում լճակ է գոյացել: Դժվար չէ կռահել, որ լճակը հայտնվել է ջրատար խողովակի ծակվելու պատճառով:

Վթարը տեղի է ունեցել դեռեւս անցյալ շաբաթավերջին, սակայն հետեւանքները ոչ միայն չեն վերացվել, այլեւ, դատելով լուսանկարներից, որոնք NEWS.am-ին է տրամադրել հարեւան շենքի բնակիչներից մեկը, մոտ ժամանակում չեն վերացվի:

Շենքի բնակչի խոսքով՝ խողովակը վերանորոգելուց հետո տեխծառայությունը (դեռեւս հայտնի չէ՝ կոնկրետ որ) ամեն ինչ թողել է այնպես, ինչպես կար (դրա համար էլ ենք շնորհակալ)՝ փոսը պատնեշելով ժապավեններով: Քանի որ պոմպ չլինելու պատճառով ջուրը հանել են շերեփներով, պատկառելի քանակությամբ ջուր է մնացել՝ առաջացնելով հիմա արդեն չորացող լճակ: Տեխծառայությունը, հավանաբար, հույս է ունեցել, որ Բաղդադում (երկրի գլխավոր օդերեւութաբանի խոսքով՝ Երեւանը Բաղդադի է վերածվում) ինքնաբերաբար կչորանա:

Առայդմ բնակիչները ստիպված են շրջանաձեւ երթեւեկել, փոսը շրջանցել հարեւան շենքերի պատերի տակով եւ երկնային ուժերին աղոթել լավ եղանակ տալու համար: