Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, երկրորդ օրն է շարունակվում է դասադուլը եւ գործադուլ: NEWS.am-ի հետ զրույցում աշակերտների ծնողներն ասացին, որ սպասում են մարզպետարանի պարզաբանմանը, թե ինչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն:
Դպրոցի տարածքում ծառայություն են իրականացնում նաեւ ոստիկանության աշխատակիցներ, իսկ նրանցից մեկը ուսուցիչների եւ ծնողների հետ փակ քննարկում է անցկացրել:
«Եկել մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ դասապրոցեսը չխաթարենք, բայց չեն կարողանալու, մենք հետ չենք կագնելու մեր որոշումից: Ասում ենք ինչո՞ւ մարզպետարանից հիմա չեն գալիս, մեզ պատասխանում են, թե մարզպետարանում հիմա իրենց եփած բորշչն են ուտում»,- ասացին ծնողները:
Նրանց խոսքով պատրաստվում էին փակել Երեւան-Էջմիածին մայրուղին, սակայն մի փոքր էլ կսպասեն, քանի որ խոստացել են, որ մարզպետարանի աշխատակիցները գալու են իրենց հետ հանդիպելու:
Հիշեցնենք, որ երեկ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ուսուցիչները, աշկերտները եւ նրանց ծնողները գործադուլ եւ դասադուլ են արել ընդդեմ նորանշանակ տնօրենի:
Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրություն են անցկացրել։ 8 Քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։
Սակայն մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի որոշումով տնօրեն է նշանակվել քիչ ձայն հավաքած թեկնածուն:
Մարզպետարանի ներկայացուցիչը դա բացատրեց, թե արձանագրությունը ուղարկել են փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը:





























