Մեր խորհրդարանական հանձնաժողովի առջեւ երկու հիմնական խնդիր կա։ Դրանցից մեկը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումն է միության շրջանակում, եւ հինգ տարի հետո մենք բոլորս կհայտնվենք մեկ տնտեսական գոտում։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով իր գլխավորած կառույցի աշխատանքի արդյունքները։
Նա նշեց, որ դեռ բազմաթիվ խնդիրներ եւ խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարել։ «ԵՏՄ շրջանակում մեր առջեւ 71 խոչընդոտ կա, որոնք մենք պետք է դեռ հաղթահարենք, որոնցից 51-ը կապված է Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Մելքումյանը՝ ավելացնելով, որ այդ խոչընդոտների հաղթահարման տեմպերը չեն գոհացնում ոչ հայկական, ոչ մյուս կողմերին։
Նա նաեւ նշեց, որ միասնական տնտեսական շուկան պետք է վերջնականապես ձեւավորվեր 2022-2023 թվականներին, բայց, ըստ էության, 2025-ից շուտ չի կազմավորվի։
Երկրորդ կարեւորագույն խնդիրը, ինչպես նշեց պատգամավորը, խորհրդարանական վերահսկողության մակարդակի բարձրացումն է։




























