Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 12-ին սկսվեց եւ հետաձգվեց արվեստագետ Դավիթ Կարեյանի մահվան գործով դատական նիստը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով պետք է հանդես գար մեղադրող` Երեւան քաղաքի դատախազության դատախազ Արթուր Սեփոյանը: Նիստը սկսելուց առաջ ամբաստանյալ Կարեն Խաչատրյանը դատարանին միջնորդեց, որպեսզի նիստը հետաձգվի` պատճառաբանելով, որ հրաժարվում է իր փաստաբան Գրիգոր Քալաշյանից: Նա հայտնեց, որ իր փաստաբանը դատարան չի ներկայացել: Ամբաստանյալը հայտնեց, որ արդեն ունի նոր պաշտպան եւ 7-10 օր ժամանակ խնդրեց դատարանից, որպեսզի նոր պաշտպանը ծանոթանա քրեական գործի նյութերին: Դատախազը չառարկեց արված միջնորդությանը:
Դատավոր Լեւոն Ավետիսյանը բավարարելով ամբաստանյալի միջնորդությունը, այնուամենայնիվ նկատեց, որ նրա փաստաբանի դատարան չներկայանալը կարող է դիտվել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 29-ին:
Ֆոտոլրագրողը, սակայն, դատարանի շենքի մոտ նկատել է Կարեն Խաչատրյանին եւ նրա փաստաբանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քրեական հեղինակություն համարվող Նորագյուղի Ավետի ազգական, «Արցախ» բանկի աշխատակից Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկված 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանը (Կարեյան) «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Պարզվել էր, որ նա մեքենան վարել է անսթափ վիճակում:Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

Կարեն Խաչատրյան
Արթուր Սեփոյան


Գրիգոր Քալաշյան

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























