Մոսկվայում ապրիլի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը, որի ընթացքում ներկայացվել է Երեւանում ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման նկատմամբ համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները:
Հայաստանի վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կարեւորել է երկու երկրների ստուգող մարմինների կատարած աշխատանքն ու առաջարկները:
Անդրադառնալով Սլավոնական համալսարանում համատեղ իրականացված ստուգման արդյունքներին` ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինն առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք ավելի ընգրկուն ու համակողմանի ներկայացրել է Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը:
Նշվել է որ, Սլավոնական համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, համալսարանի նյութատեխնիկական բազան թարմացնելու եւ ԲՈՒՀ-ին ռուսական գիտական դրամաշնորհներից օգտվելու իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ է վերանայել համալսարնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը:
Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները նշել են, որ համատեղ ստուգումների փորձը ցույց է տալիս, որ վերահսկիչ մարմիններն աշխատում են մեկ ընդհանուր թիմով, ընդհանուր սկզբունքներով ու կանոններով:





























