Հայաստանի վվարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 12-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին` առաքելության ավագ տնտեսագետ Վերոնիկա Բակալուի գլխավորությամբ եւ քննարկել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական  են գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները: Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ «Երկարաձգվող ֆինանսավորման եւ Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագրի» ընթացքը։

Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը, հարկային վարչարարությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաեւ տնտեսության զարգացման հեռանկարներին։

ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը։