«Ես ուզում եմ, որ թուրքերի մի մեծ հատվածի մտածողությունից վերանա միտքը, թե հայերը դավաճանել են իրենց ընդհանրական երկրին, որ հայերին չընկալեն որպես թշնամի»,- այսօր «Սիվիլիթաս» կազմակերպությունում կազմակերպված «Վերադարձ ապագային» քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց հիմնական բանախոսներից Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ու հավելեց. "Այն պայմաններում, երբ թուրքերը մտածում են, որ հայերը մի կողմում են, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները մյուս կողմում, շատ դժվար է հարաբերություններ զարգացնել: Շատ դրական է, որ շատ թուրքեր սկսել են հրաժարվել «1 ազգ, 2 պետություն» սկզբունքից, որովհետեւ այդպես չի լինում: Լինում է մեկ ազգ, մեկ պետություն:
Ինչ վերաբերում է հայերին, նա կարծիք հայտնեց, որ հայերին թուրքերի հետ ազատ հարաբերվելուն խանգարում են ներքին վախերը: «Դա է պատճառը, որ Հայաստանը միշտ մոբիլիզացրել է իր ուժերը միայն այն մարտահրավերներին դիմագրավելու, որոնք հնարավոր չէ շրջանցել: Մյուս դեպքերում շրջանցում ենք խնդիրները, քանի որ վախենում ենք դրանք լուծել»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ հայ հասարակությունը ուղղակի չի վստահում այն մարդկանց, ովքեր որոշումներ են կայացնում` այսինքն իշխանություններին: Երրորդ խնդիրն այն է, որ մինչ օրս ազգային մակարդակով ձեւավորված օրակարգերը իրենց հետ բերել են համապատասխան կառույցներ, որոնք շատ բարդ է լինելու նորացնել, որպեսզի աշխատեն նոր օրակարգերով: «Դրան համար այդ կառույցներում նյարդայնություն է նկատվում»,- ասաց ԵՄԱ ղեկավարն ու ընդգծեց. «Թուրքիայում հաղթահարման ենթակա խնդիրներ կան քաղաքական վերախավի մակարդակում, իսկ Հայաստանում` մտավորականության մակարդակում»:



























