Սեպտեմբերի 30-ին «Միացում» հասարակական շարժման բողոքի ակցիան, որը պետք է տեղի ունենար Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց,խոչընդոտվեց ոստիկանների կողմից, որոնք ակցիայի կազմակերպիչներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին եւ բողոքի գործողության մասնակիցներին քաշքշեցին՝ արգելելով մոտենալ ակադեմիայի շենքին։ Ակցիայի մասնակիցները համառորեն դիմադրում էին, բայց, այնուամենայնիվ ստիպված էին ակցիան շարունակել ԱԺ-ի դիմաց, որտեղ ոստիկանները նրանց կրկին շրջափակեցին։ Ակցիայի ներկայացուցիչների պաստառների վրա գրված էին՝ «Ոչ թուրքական արձանագրություններին», «Հող հանձնելը դավաճանություն է»…
«Միացում» -ի ներկայացուցիչները բողոքում էին ակադեմիկոսների դիրքորոշման դեմ, որոնք իշխանություններին հաճոյանալու համար նախօրեին կողմ էին արտահայտվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին:
Հասարակական շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ «մեր մտավորականները շեղվել են իրենց առաքելությունից եւ իշխանությունների ձեռքում դարձել են սպասարկու աշխատողներ, որոնք նույնիսկ չունեն իրենց կարծիքը»։
Սեֆիլյանը հավաստիացրեց, որ ակցիաները դեռ կշարունակվեն, իսկ արձանագրությունները ակցիաներից մեկի ժամանակ սիմվոլիկ ձեւով կայրվեն, քանի որ այս գործընթացը պետք է դադարեցվի, ոչ թե վերափոխվի։
«Մենք հիմա գտնվում ենք ինֆորմացիոն շրջափակման մեջ։ Մեր ակցիաները չեն լուսաբանվում, այդ պատճառով էլ մենք հիմա կանգնած ենք այստեղ՝ մարդկանց մատնացույց անելու իրենց սպառնացող վտանգը»,- ասաց Սեֆիլյանը։
Ակցիայի ներկայացուցիչները, չնայած ոստիկանության շրջափակմանը, շարունակում էին մտավորականներին ուղղված իրենց վանկարկումները՝ «Ապազգային գիտնականներ», «Վաճառված գիտնականներ», «Չարչիներ»:
Շարժման ներկայացուցիչները դիմեցին նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ «Ամոթ, դավաճան, վախկոտ» որակումներով: «Մտավորականների երեսը պարզ չէ։ Նրանք հիմա պետք է ժողովրդի կողքին լինեն, ոչ թե պաշտպանվեն ոստիկանների կողմից», «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք Հայաստանի վերջին էջը»,- հայտարարում էին ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք որ սեպտեմբերի 25-ին «Միացում» հասարակական շարժման ներկայացուցիչները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, հայ-թուրքական արձանագրությունները բողոքարկող նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանություններին:




























