Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիները, որոնք հարձակվել են Բոլիվարական Հանրապետության հարավում գտնվող զորամասի վրա, գործել են Կոլումբիայի եւ Բրազիլիայի իշխանությունների դրդմամբ։ Այս մասին տեղեկացրել է Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հանցագործները (որ գրոհել են զորամասի վրա), ուսանել են Կոլումբիայի տարածքում գտնվող հայտնի ռազմականացված ճամբարներում եւ աջակցություն ստացել (Բրազիլիայի նախագահ) Ժաիր Բոլսոնարուի վարչակազմից»,- գրել է Ռոդրիգեսը իր Թվիթերում։

Նախարարն ավելացրել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները «բռնել են վեց հանցագործի»։ «Նշում ենք մեր փառապանծ ազգային ԶՈւ եւ մեր անվտանգության մարմինների արդյունավետ աշխատանքը, որոնք կանխեցին աջ ֆաշիստների հանցավոր գործողությունները, որ անհաջող փորձեցին մթագնել երջանիկ Սուրբ ծնունդը»,- ընդգծել է Ռոդրիգեսը։

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսն իր Twitter-յան էջում ավելի վաղ հայտնել էր կիրակի առավոտյան երկրի հարավում զորամասի վրա ընդդիմության ներկայացուցիչների հարձակման մասին: Նրա խոսքով՝ հանցագործները փորձել են զենք գողանալ, սակայն բռնվել են: Հարձակման ժամանակ զոհվել է մեկ զինծառայող:

Վենեսուելայում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ հունվարի 23-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում 2 օր առաջ անվավեր էր ճանաչել Գերագույն դատարանը, իրեն հռչակել էր նախագահի պաշտոնակատար: Նրան պետության ժամանակավոր ղեկավար էր ճանաչել ԱՄՆ-ն, որին միացել էին Լիմա խմբի անդամները (Մեքսիկայի բացառությամբ), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ Եվրամիության երկրների մեծ մասը: Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը որակել էր հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրա աջակցությամբ էին հանդես եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան: