Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը անհասկանալի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Մերզլյակովը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, թե «Մադրիդյան նորացված տարբերակն արդեն պատրաստ է, բայց այն համանախագահների այցի ժամանակ չի ներկայացվելու կողմերին»:

«Նախեւառաջ անհասկանալի է Մերզլյակովի հայտարարությունը, որովհետեւ խոսել Մադրիդյան սկզբունքների մասին որեւէ հիմք չկա: Միջազգային հանրությունը վաղուց օգտագործում է „հիմնարար սկզբունքներ“ անվանումը, քանի որ կողմերը վաղուց առաջ են անցել Մադրիդյան փաստաթղթից»,- նշեց Կարապետյանը՝ միաժամանակ շատ կարեւոր համարելով համանախագահների այցելությունը տարածաշրջան:

Պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ինձ համար հատկանշական է հետեւյալը: Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցի ժամանակ խոսել է հանրաքվեի մասին: Նա շատ հստակ ընդգծել է որ հանրաքվեից ցածր որեւէ բանի չի գնա, ընդգծել է, որ ադրբեջանցիների վերադարձը մինչեւ կարգավիճակի որոշումը չի լինելու: Սա, ինչպես ասում են կարմիր գիծն է, որից այն կողմ Սերժ Սարգսյանը չի գնալու, չնայած արդեն մենք ծանոթ ենք դեպքերի, երբ խոստումներ տալով՝ նա հավատարիմ չի մնացել իր ասածին»:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ կարծում է, որ «որեւէ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսակցությունները վաղաժամ են, միեւնույն ժամանակ գործընթացները կախված են լինելու հայ-թուրքական կարգավորման գործընթացից»: