Թուրքական ոստիկանությունը խուզարկել է Թունջելիի քուրդ քաղաքապետի բնակարանը եւ քաղաքապետարանի հյուրատունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) քաղաքում նախորեին իրավիճակը լարված էր։ Թուրքական ոստիկանությունը դատարանից ստացված թույլտվությամբ խուզարկել է Թունջելիի քաղաքապետ, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ Էդիբե Շահինի բնակարանը եւ քաղաքապետարանի հյուրատունը։ Ոստիկանությունը սա պատճառաբանել է նրանով, որ տեղեկություններ ունի, թե քաղաքապետի մոտ կան PKK-ի վերաբերյալ փաստաթղթեր, եւ որոշ քուրդ զինյալներ թաքնվում են քաղաքապետարանի հյուրատանը։ Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են որոշ անձինք։ Ոստիկանության գործողությունները բողոքի ալիք են բարձրացրել, եւ մոտ 300 հոգի Թունջելիի կենտրոնական հրապարակում են հավաքվել ու հայտնել իրենց դժոգոհությունը։




























