Մինսկի մետրոյում ահաբեկչության մեջ կասկածվող գլխավոր մեղադրյալի ֆոտոռոբոտը նման չէ իրական մեղադրյալին, գրում է «Կոմերսանտը»:

Ինչպես թերթին հայտնել է բելառուսական ուժայինների տեսագրությունների հետ ծանոթ աղբյուրը, մեղադրյալը «կովկասցու նման չէ»: «Ֆոտոռոբոտի տղամարդու դեմքին մազեր կան, իսկ մետրոյում պայուսակ թողած անձի դեմքին` ոչ: Բացի այդ, նա բոլորովին էլ թուխ չէ, ավելի շուտ նման է սլավոնի կամ եվրոպացու»,- ասել է աղբյուրը:

«Նա հանգիստ մոտեցել է կրպակին, չշտապելով դրա տակ դրել պայուսակը, ապա հանգիստ հեռացել»,- ասել է աղբյուրը:

Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, թե հավանաբար ականատեսները մետրոյում կովկասցու են տեսել, եւ «հենց նա էլ կասկածյալ է դարձել»:

Պայթյունը որոտացել է ապրիլի 11-ին, ժամը 17:58-ին, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունն այնքան հզոր է եղել է, որ բետոնե հատակին փոս է գոյացել, մասամբ փլուզվել են առաստաղն ու էսկալատորի պատերը: Պայթյունի պահին դեպքի վայրում մոտ 300 մարդ է եղել:

Բելառուսի գլխավոր դատախազությունը դեպքի որպես ահաբեկչություն է որակել: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 5-ից 7 կգ տրոտիլ: Ռումբը գտնվել է երկրորդ վագոնի նստարարներից մեկի տակ, եւ դրա մեջ խոցող տարրեր են եղել: Վերջին տվյալներով, սպանվել է 12 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 134-ի: Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացի Սամվել Էրիկի Սահակյանը, ով այժմ Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունքում: տուժել է նաեւ 70-ամյա Մարգարիտա Սմբատյանը:

Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Մինսկում ապրիլի 13-ը սգո օր է հայտարարվել: