Ուկրաինայի հայ երիտասարդների ասոցիացիան դիմել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` խնդրելով օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Մենք հուսով ենք, որ մեր կոչը կլսի նախագահը»,- Analitika.at.ua-ին ասել է  Ուկրաինայի հայ երիտասարդների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մկրտչյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության փաստը դատապարտվել եւ ճանաչվել է աշխարհի բազում երկրների կողմից, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի կողմից, սակայն Ուկրաինան առ այսօր չի հստակեցրել իր դիրքորոշումը:

Նշենք, որ անցած տարի ապրիլի 23-ին ուկրաինացի հայտնի քաղաքագետներ, գիտնականներ հանրային եւ քաղաքական գործիչներ, նաեւ Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչներ դիմել էին նախագահին եւ խորհրդարանին` խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: