Ադրբեջանում հայկական հուշարձանները ոչնչացվել են խորհրդային տարիներին, Արցախյան ազատամարտից առաջ, ազատամարտի ժամանակ, ազատամարտից հետո եւ ոչնչացվում են հիմա: Այսօրվա`ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասյ մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով` ադրբեջանցիների կողմից հատկապես ոչնչացվում են այն հայկական հուշարձանները, որոնք ակնառու քրիստոնեական են:
Արդեն 30 տարի է, ինչ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը զբաղվում է Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ: Հուշարձանագետի խոսքով`դեռեւս 70-ականներին տեղեկություններ կային, որ որոշ հուշարձաններ ավերվել են, որոշներն էլ` ավերվում են, այսինքն` դեռ խորհրդային տարիներին առկա էր հայկական հուշարձանների նկատմամբ անհանդուրժող կեցվածքը, սակայն այդ ամենը արվում էր ծպտյալ: Քանդում էին հայկական հուշարձանները, իսկ նրանց տեղերում` կառուցում մզկիթներ:
Սամվել Կարապետյանն նշեց, որ մինչեւ արցախյան ազատամարտը, հայերն ունեին նյութական մշակույթի բազում կորուստներ, բայց արցախյան ազատամարտից հետո տեղի ունեցածը աննախադեպ էր: «Ազատամարտից հետո պարզ դարձավ, որ ադրբեջանցիները քանդել էին հայկական գերեզմանոցները, պայթեցրել` եկեղեցիները: Մեր հարեւան երկիրը քաղաքակրթության պատուհաս է: Դրանից մենք ենք տուժում, մեր նախնիների ժառանգությունը: Սա անդարձ կորուստ է նաեւ համայն քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նրա ներկայացմամբ, այնուհետեւ ադրբեջանցիները սկսեցին շրջանառել վարկածը, թե այդ հուշարձանները հայկական չեն, այլ կառուցվել են իրենց նախնիների կողմից: Այս դեպքում հուշարձանագետն ասում է` հարց է առաջանում, ինչո՞ւ են ադրբեջանցիները քանդում իրենց նախնիների կառուցածը:





























