Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազատ տնտեսական գոտիների» մասին օրինագիծը։

Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նշել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, փաստաթուղթն ընդունելու նպատակը տնտեսական դաշտի գործունեության համար իրավական բարենպաստ դաշտ ստեղծելն է։

Նախարարի խոսքով, փաստաթուղթը կարգավորում է տնտեսական գոտիների ստեղծման իրավական հարաբերությունները, թույլտվության տրամադրման կարգը, ազատ տնտսական  գոտուն ներկայացվող պահանջները, պայմանագրի ստեղծման կարգը, պետության կողմից իրականացվող վերահսկողությունը։

Ինչպես հայտարարել է Տիգրան Դավթյանը, Կառավարության դերը տնտեսական ազատ գոտիների ստեղծման ժամանակ նվազագույն կլինի, ամեն բան կկարգավորվի օրենքի միջոցով։ «Մենք հեծանիվ չենք հորինում, այս մեթոդը կիրառվում է աշխարհի տարբեր երկրնրում»,- նկատել է նախարարը։ Նրա խոսքով, կառավարությունը միայն տնտեսական ազատ գոտու տեղը կընտրի։