Պաշտպանության նախարարությունը թելադրում է Քննչական կոմիտեին, եւ նույնիսկ վիրավոր զինվորի հարազատներին տրամադրել են մահացած զինծառայողի հարազատների դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Կառավարության դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետյին զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
«Ճակատային հատվածում ունի վնասվածք գնդակը ծոծրակից է դուրս եկել։ Այսինքն՝ վերեւից ներքեւ ուղղությամբ է եղել, եւ տրամաբանությունից դուրս է, որ ինքն իրեն կարող էր վնասվածքը հասցնել։ Վիրավորից 740 մետր հեռավորության վրա՝ փոսի մեջ է հայտնաբերվել։ Այս պահին ես տեսնում եմ, որ Պաշտպանության նախարարությունը թելադրում է Քննչական կոմիտեին։ Նույնիսկ վիրավորի հարազատներին տրամադրել են մահացած զինծառայողի հարազատների դեմ։ Ես չեմ կարողանում մտնել հոսպիտալ, եւ ուղղակի հարցնել՝ ինչպես է վիրավորը, որովհետեւ հրաժարվում են պատասխանելուց։ Նրանք մտածում են, թե մահացած զինծառայողն է իրենց տղային վիրավորել։ Այդ վարկածը դուրս է եղել ՊՆ-ից, եւ հենց այդ վարկածով է հարազատներն առաջանորդվում են»,- ասաց իրավահաջորդի ներկայացուցիչը։
Արթուր Աջամյանի պապն ասաց, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել եւ տեսել է թոռան մարմնի վրա բռնության հետքեր.
«2 ժամ 40 րոպե է տեւել դիահերձումը։ Այդ գործողություններից հետո ինձ մոտեցավ բժիշկն ու ասաց՝ հայրիկ ջան դու քա՞ր ես, էս ի՞նչ է կատարվում։ Ասեցի՝ եկել եմ իմանամ՝ թոռանս հետ ի՞նչ է եղել իրականում։ Մարմնի վրա հետքեր կար, աջ ուսի վերին հատվածում կար բռնության հետքեր, բայց հին էր, աջ ոտքինը եւ ձախ ոտքինը՝ նոր էր, ճակատին էլ կար. ես քարացել էի»։
Նշենք, որ Կառավարության բակում տեղի ունեցավ հրմշտոց ոստիկանների եւ մահացած զինվորի հարազատների միջեւ։ Հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ հրմշտոցի ընթացքում մահացած զինվորի նկարը կոտրվել է, եւ դրա համար հարազատները մեղադրում են ոստիկանության աշխատակցին։
Քիչ առաջ NEWS.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























