Մինսկում ձերբակալել են ապրիլի 11-ին մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հավանական հեղինակին: Ահաբեկչական պայթյունի հետեւանքով զոհվել էր 12 մարդ:
Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդի խոսքով, ահաբեկչությանը ձերբակալվածի (նրա անունը գաղտնի է պահվում) մասնակցության մասին են վկայում նրա ցուցմունքները եւ տեսախցիկների նկարահանած կադրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոտսին»:
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է այդ մարդը տոպրակը գցում իր պայուսակը, որի մեջ էլ, ենթադրվում է, որ եղել է պայթուցիկ սարքը, այս մասին ավելի վաղ հաղորդել էր «Կոմերսանտը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյուն էր որոտացել։ Ահաբեկչության արդյունքում մահացել էր 12 մարդ, վիրավորվել` 200-ը, այդ թվում`երկու հայ: Ապրիլի 13-ը Բելառուսում պաշտոնապես հայտարարված է սգո օր:





























