«Բնական ու ակնհայտ է, որ Արեւմուտքն ու միջազգային հանրությունն իսկապես կուզենան տեսնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում: Դա իրենց շահերից է բխում` տարածաշրջանային առումով եւ նրանք իրենց ուսերից թոթափում են նաեւ ցեղասպանության ճանաչման խնդիրը»,- երեկ նման տեսակետ է հայտնել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ու հավելել. «Բայց մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով: Կարծում եմ, որ հայկական կողմն առ այսօր ճնշման չի ենթարկվել, այսօր էլ չպետք է ենթարկվի։ Այս փաստաթուղթը, որ կա սեղանի վրա, մեր շահերից չի բխում: Դա արդյունք է կամ ճնշման, կամ սխալ հաշվարկի»: Նրա խոսքով, «մեր ժողովրդի համար ճակատագրական, կարեւորագույն խնդիր լուծելու համար անհրաժեշտ է իշխանություններին առնվազն ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համաձայնությունը, որովհետեւ դա վերաբերում է ողջ հայ ժողովրդին»:

«Սա նաեւ մեծ հաշվով կողմնորոշելու է Հայաստանի հետագա տեղն ու դերը այս տարածաշրջանում, ազդելու է Ղարաբաղի հարցի վրա: Այս պայմաններում, երբ չկա ժողովրդի ջախջախիչ մեծամասության աջակցությունը, գնալ եւ այսպիսի փաստաթուղթ ստորագրել, ես չեմ պատկերացնում: Ոչ միայն ժողովրդի աջակցությունը չկա, այլ հակառակն է: Ակնհայտորեն հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է սրան»,- ասել է Օսկանյանը:

Այնուհետեւ խոսելով թուրքերի հետ երկխոսության անհրաժեշտության մասին նա նշել է. «Մենք միշտ էլ երկխոսության կողմ ենք եղել, համարում ենք որ դա անհրաժեշտ է: Ի վերջո, հայ-թուրքական երկխոսությունը պետք է ծնվի այսպիսի երկխոսությունից, ոչ թե հապճեպ ժամկետների ազդեցության տակ գնալ թուրքական ճնշումների ներքո համաձայնությունների: Երկխոսությունը շատ կարեւոր է եւ իմ հիմնական առարկություններն այս արձանագրություններին այն է, որ հետագայում ընդհանրապես երկխոսության հնարավորությունը նեղանում է, նույնիսկ փակվում է»: Նրա խոսքով, կառավարություններին թվում է, թե նորմալ հարաբերություններ հաստատելու համար երկու երկրների միջեւ բոլոր խնդիրները պետք է լուծել, ինչը սխալ ճանապարհ է: «Ճիշտ հակառակը պետք է լինի. առանց նախապայմանների հարաբերություններ պետք է լինեն, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի անկեղծ մթնոլորտում, փոխադարձ վստահության վրա, համարձակորեն ու անկեղծորեն մեր ամենապրոբլեմատիկ խնդիրների մասին խոսել: Այս փաստաթուղտը ոչ միայն այդ հնարավորությունը չի տալիս, այլ իսպառ վերացնում է»,- իր խոսքն ամփոփեց նա: