Եթե սիրում եք ժապավեններով գեղեցիկ փաթեթավորել բաժակի տիպի հասարակ նվերները, պատրաստվեք այն բանին, որ ձեր չափից ավելի զարդարուն նվերները կարող են ստացողի մոտ կեղծ ակնկալիքներ ստեղծել, որոնք կփչացնեն նվիրածի տպավորությունը։ Այս մասին հետազոտությունը հրապարակել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականները, տեղեկացնում է Planet- today-ը։

Հետազոտողները պարզել են, որ եթե մի որեւէ հասարակ նվեր փաթեթավորվում է շքեղ ձեւով, ապա ստացված նվերն արդյունքում, անշուշտ, շատ ներկայանալի կթվա, բայց այն ստացող մարդը այնքան էլ չի ուրախանա ավելի մեծ ակնկալիքի պատճառով։ Իսկ եթե պարզ նվերները նվիրվեն պարզ փաթեթներով, ապա նման բացասական էֆեկտներ չեն լինի։

Մի խոսքով՝ ամեն ինչ բավական հեշտ է. եթե ինչ որ թանկ ու առանձնահատուկ բան եք նվիրում, ապա կարող եք նվերը փաթեթավորել պատշաճ ձեւով։ Իսկ եթե մի ինչ-որ հասարակ բան եք նվիրում, ապա պետք չէ այն շատ գեղեցիկ փաթեթավորել, դա կարող է կեղծ տպավորություն ստեղծել։

Ռինոյում Նեւադայի համալսարանի աշխատակցները ապացուցել են այս կանոնի արդարացիությունը փորձի արդյունքներով, որին մասնակցել է մոտ երկու հարյուր ուսանող։ Փորձը, որի մասնակիցներին նվիրել են բեյսբոլի թիմի լոգոտիպով բաժակներ, կազմակերպվել էր այնպես, որպեսզի ցանկալի լոգոտիպով բաժակներն ստանային  ոչ բոլոր ուսանողները։ Պարզվեց, որ տպավորությունները նվերներից, որոնք չեն համապատասխանել ակնկալիքներին, էապես կախված են եղել փաթեթավորումից։