Գերմանիայի ընտրություններում Անգելա Մերկելի հաղթանակն ու աջ կենտրոնամետ ուժերի դիրքերի ամրապնդումը վերջ է դնում Թուրքիայի Եվրամիություն ընդունվելու հույսերին։ Ինչպես գրում է լոնդոնյան The Daily Telegraph

թերթը, Մերկելն այս շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ հայտնել նրան, որ ԵՄ-ին Անկարայի միանալու նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը «վերանայվում է»։

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Գերմանիան չէր բացառել ի հաշիվ Թուրքիայի՝ Եվրամիության դեպի Արեւելք ընդլայնման հնարավորությունը։ Մեծ հաշվով Անկարայի ԵՄ ընդունման հարցի նկատմամբ Բեռլինի քաղաքականության ներկայիս շրջադարձը տեղի է ունեցել Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Գիդո Վեստերվելեի կոշտ դիրքորոշման պատճառով։ Սպասվում է, որ նա Գերմանիայի կոալիցիոն նոր կառավարությունում կցբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վեստերվելեն արդեն հայտարարել է, որ Թուրքիային ԵՄ ընդունելու հիմքեր չի տեսնում, քանի որ նրա տնտեսությունը «չի կարող ինտեգրվել» միության այլ երկրների հետ։ Արդյունքում Գերմանիան այժմ հայտնվել է Ֆրանսիայի դիրքերում, որը տեսանելի ապագայում հնարավոր չի համարում Թուրքիայի ԵՄ ընդունելությունը,- նշում է լոնդոնյան պարբերականը։

Ընդ որում Լոնդոնի քաղաքական մեկնաբանները նշում են, որ Թուրքիային ԵՄ ընդունելուց հնարավոր հրաժարումը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ կստեղծի Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի, ինչպես նաեւ Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջաններում,- հաղորդում է NEWSru.com-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, հակաթուրքական կտրուկ արտահայտություններ են հնչում նաեւ Հունաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ժամանակին Հունաստանի վարչապետ եւ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կոստաս Կարամանլիսը աջակցում էր ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը, իսկ այժմ նա փոխել է իր դիրքորոշումը։ Կարամանլիսի ազատական կուսակցությունը քայլ է կատարել «աջերի կողմը», որպեսզի ստանա իր դեռեւս չկողմնորոշված քաղաքացիների ձայները։ «ԵՄ անդամությունը ստանալու Թուրքիայի ցանկությունը ուղղակիորեն կապված է Հունաստանի նկատմամբ նրա դիրքորոշումից։ Եվ եթե Անկարան շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը , ապա դա որոշակիորեն կանդրադառնա ԵՄ ընդունվելու նրա հավակնությունների վրա»,- հայտարարել է Կարամանլիսը։