Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում Իսպանիայի հետ կիսել «Սան Խոսե» գալեոնի գանձերը, որն ավելի քան երեք դար առաջ խորտակվել էր Կարթագենի ափերի մոտ։
Նավը պատկանել է իսպանական գահին։ Այն պետք է տեղափոխեր Լատինական Ամերիկայից աննախադեպ քանակությամբ գանձեր։ Սակայն «Սան Խոսե»-ն խորտակվել էր Չարլզ Ուեյջերի ղեկավարությամբ բրիտանական էսկադրիլիայի կողմից 1708 թվականին։ Ամբողջ բեռը՝ ոսկին, արծաթն ու թանկարժեք քարերը, հայտնվել էին Կարիբյան ծովի հատակին, հաղորդում է Euronews-ը։
Նավի բեկորները հայտնաբերվել էին միայն 2015 թվականին։ Իսպանիան հայտարարել էր իր իրավունքների մասին, սակայն Կոլումիան դեմ էր․ չէ՞ որ ոսկին վերցվել էր Լատինական Ամերիկայի էթնիկ բնակիչությունից՝ հնդկացիներից։
«Մեզ համար կարեւոր է պահպանել մեր մշակութային ժառանգությունը։ Չպետք է կորի եւ ոչ մի մետաղադրամ, խորտակված գալեոնի ոչ մի բեկոր»,-հայտարարել է Կոլումբիայի փոխնախագահ Մարթա Լուսիա Ռամիրեսը։
«Սան Խոսե»-ի գանձերը հայտնաբերելու մասին երազել են շատերը դարեր շարունակ։ Ներկայումս խորտակված գալեոնի գանձերը գնահատվում են մի քանի միլիարդ դոլարի չափով։ Սակայն դրանք հայտնաբերելը խնդրի մի մասն է։ Ծովի հատակից այն դեռ պետք է վեր բարձրացնել։ Իսկ այդ գործողությունը կարող է շատ թանկարժեք լինել։



























