Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցի ընթացքում քննադատության է ենթարկել նաեւ իր երկրի զինված ուժերին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից դատարանի որոշման դեմ արած հայտարությանը՝ նշելով, թե սխալ է համարում, երբ զինվորականները միջամտում են դատական մարմինների աշխատանքին։

«Իմ տեսակետն այն է, որ Թուրքիայի զինված ուժերն այդպիսի հայտարարություն իրենց կայքում չպետք է տեղադրեին։ Բացի այդ, դատարանը մերժել էր միայն  կալանքի փոխարինման հայցը։ Գործով վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Ուստի՝ նման հայտարարություն անելու կարիք չկա»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն իր հայտարարության մեջ տարակուսանք է հայտնել, որ չեն բավարարվել կալանված 163 զինվորականների ազատ արձակման դիմումները: «Անհասկանալի է, ծառայության մեջ եւ պաշտոնաթող 163 զինվորականներին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը»,-նշված է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2010-ի հունվարին  թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել: