Երեւանում այսօր մեկնարկում են նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները: Նախօրեին այդ հարցը քննարկվել է Հայաստանի Հանրային Խորհրդում:

Միաժամանակ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է համայկական ուղեւորության՝ լսելու Սփյուռքի կարծիքն այդ հարցի վերաբերյալ: Նա հանդիպումներ կանցկացնի Բեյրութի, Փարիզի, Լոս-Անջելեսի, Նյու Յորքի եւ Դոնի Ռոստովի խոշոր հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե նախաստորագրված արձանագրությունները կստորագրվեն մինչ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ֆուտբոլային հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են Ցյուրիխում՝ հոկտեմբերի 10-ին: Հայկական կողմն այդ տեղեկությունը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել: