Հայաստանում այս գիշեր ցրտահարություն չի գրանցվել։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 14-ին լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ըստ օդերեւութաբանների կանխատեսման՝ Արարատյան դաշտում եւ հովտային որոշ այլ շրջաններում այս գիշեր պետք է ցրտահարություն տեղի ունենար՝ ջերմաստիճանը նվազեր մինչեւ -3 կամ -4 աստիճան։ Այդ առումով գյուղնախարարությունը լայնածավալ քարոզարշավ էր ձեռնարկել՝ գյուղացիներին զգուշացնելով ցրտահարության մասին ու խորհուրդներ տալով, թե ինչպես կարելի է դրա դեմ պայքարել։
Նշենք սակայն, որ գյուղացիական տնտեսություններից ստացվում են բողոքներ այն մասին, որ իրականում ցրտահարությունը տեղի էր ունեցել նախորդ գիշերը, ու այդ մասին իրենք չեն նախազգուշացվել։ Հատկապես տուժել են Վայոց Ձորի եւ Արարատի մարզի ծաղկած ծիրանենիները։
Ինչ վերաբերում է ապրիլի 13-լույս 14-ի գիշերվան, ապա գյուղնախարարն ասաց, որ հավաքված ամպերը թույլ չեն տվել ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Նվազագույն ջերմաստիճանն այս գիշեր գրանցվել է -1 աստիճան, որը բերքի համար վտանգավոր չէ։





























