Հնդկաստանում փոքր առեւտրի հազարավոր ներկայացուցիչներ ծրագրում են բողոքի ցույցեր կազմակերպել Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի դեմ, որը հաջորդ շաբաթ կայցելի երկիր, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ Հնդկաստան Բեզոսի առաջիկա այցի նպատակն ընկերության միջոցառումներից մեկին մասնակցելն ու երկրի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելն է։
Հանդիպումը կանցկացվի Նոր Դելիում, իսկ միջոցառումների թեման փոքր ու միջին ձեռնարկություններն են։
Բացի այդ, Բեզոսը մտադիր է հանդիպել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ կառավարության ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ նրանք էլեկտրոնային կոմերցիայի թեմայով բանակցություններ կանցկացնեն։
Բեզոսի այցի ժամանակ ցույցերը կանցկացնի Հնդկաստանի բոլոր առեւտրականների կազմակերպությունը, որը կոպիտ հաշվարկներով ներկայացնում է փոքր առեւտրի մոտ 70 միլիոն ներկայացուցիչների շահերը։ Կազմակերպությունում հայտնել են, որ բողոքի ցույցերը կանցկացվեն Հնդկաստանի 300 քաղաքներում։
Նշվում է, որ կազմակերպությունը դեռեւս 2015-ից պայքարում է Amazon եւ Walmart հսկաների դեմ՝ նրանց մեղադրելով ի վնաս երկրի մեծ զեղչեր անելու եւ արտասահմանյան ներդրումների կանոնները խախտելու մեջ։



























