Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 51/5 հասցեում կառուցվող ատամնաբուժական պոլիկլինիկայի սեփականատեր Արմեն Հարությունյանը հերքում է տեղեկությունն այն մասին, որ հիշյալ տարածքում ծառեր են հատվել: Արմեն Հարությունյանը, ով ինչպես ինքը հավաստիացրեց, Միքայելյանի անվան հիվանդանոցի վիրաբուժության բաժնի վարիչն է, զանգահարել էր NEWS.am-ի խմբագրություն` հայտնելու, որ «Էկոլուր» հ/կ-ի տարածած տեղեկությունը «ամբողջությամբ սուտ է, բացի նրանից, որ այդ տարածքի տերը ես եմ»: Նա նշեց, որ հիշյալ տարածքը պետական տարածք չէ, այն վաղուց սեփականաշնորհված է եղել, իսկ ինքն այն ձեռք է բերել դեռ 15 տարի առաջ` սեփականատիրոջից:
«Երբ ես առել եմ, դա եղել է «չոլ», որտեղ մի հատ «բուդկա» էր դրված: Այն ես հետո քանդել եմ եւ նորմալ բան եմ շինում` ստոմատոլոգիական պոլիկլինիկա, ոչ թե բարդակ, կազինո կամ ռեստորան»,-հայտարարեց Հարությունյանը: Նա նշեց, որ երբ սկսել է հողային աշխատանքներ կատարել այդ տարածքում, պարզվել է, որ տարածքով անցնում են կոյուղու գծեր, որն օրենքով արգելվում է:
«Մենք դիմեցինք «Ջրշին»-ին, մուծեցինք համապատասխան գումար, որը եկավ եւ կառուցեց կոյուղին շրջանցող ճանապարհը: Ոչ մի ծառ մենք չենք կտրել, ոչ մի բան չենք քանդել, ինչպես նկարագրված է հոդվածում: Թե չէ` հոդվածը կարդում ես, մարդու սրսուռը գալիս է»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ըստ «Էկոլուրի», Տիգրան Պետրոսյան փողոցի 51/5 հասցեում տեղի բնակիչները պտղատու այգի են հիմնել, որ դարձել է հանգստի սիրելի վայր, սակայն 2010թ. հուլիսից ինչ-որ մարդիկ սկսել են կտրել այգու ծառերը: Այժմ այգու փոխարեն բետոնե շինություն է վեր խոյանում: Ըստ բնակիչների` այգու տարածքը սեփականացրել է ոմն Արմեն Հարությունյան, ով այգու տարածքում ատամնաբուժարան է կառուցում: Դավիթաշենի առաջին թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 51-52 շենքերի բնակիչները դիմել են քաղաքապետին՝ պահանջելով կրկին կանաչապատել տարածքը։
Սակայն օրերս քաղաքապետարանից պատասխանել են, որ օբյեկտը կառուցվում է քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը բնակիչներին խոստացել է քննարկել տարածքի կանաչապատման հարցը։
Սկսված շինարարության ժամանակ կառուցապատողները վնասել են 52 շենքի անձրեւատարը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ ջուրը կարող լցվել շենքի հիմքի տակ եւ շենքը վթարային վիճակի հասցնել: Այդ կապակցությամբ, Երեւանի քաղաքապետն իր նամակում ասել է. «Միաժամանակ նշում ենք` թիվ 52 շենքի անձրեւատարը վնասվել է կառուցապատողի կողմից, ինչի արդյունքում մոտ 25 գծմ խողովակ ապամոնտաժվել է: Այդ կապակցությամբ հանձնարարվել է կառուցապատողին` կառուցել շենքը շրջանցող գիծ` միացնելով Տ. Պետրոսյան փողոցով անցնող կենտրոնական անձրեւատարին»:




























