Վրացական Liberal.ge գործակալությունն անդրադարձել է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների պատասխանատվության խնդրին, նշելով, որ հաճախ, նրանք այդ պատասխանատվությունը չեն զգում:
«Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպես նաեւ վրացիներն, ունեն որոշակի պարտավորվածություններ այն երկրի հանդեպ, որտեղ նրանք բնակվում են: Նախ, նրանք չեն զգում, որ Վրաստանը նրանց պետությունն է եւ բոլորի հետ միասին իրենք եւս վճռում են նրա ճակատագիրը, երկրորդ, նրանք ինտեգրված չեն հասարակությանն ու երկրի քաղաքական կյանքում, որովհետեւ չգիտեն Վրաստանի պետական լեզուն եւ տեղեկատվություն չեն կարող քաղել ընթացիկ իրավիճակների վերաբերյալ»,- գրում է վրացական գործակալությունը:
Հոդվածի հեղինակն անդրադարձել է նաեւ հայերին, հատկապես Ախալքալաքում բնակվողներին, գրելով, որ նրանք ավելի շատ գիտեն, թե ինչ է կատարվում հայկական կամ ռուսական քաղաքականությունում, քան` Վրաստանում: «Մեծամասնությունը, նույնիսկ չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում վրացական ընդդիմությունը, եւ իրենց ձայները հեշտ ու հանգիստ տալիս են պետության գլխավորին, քանի որ բացի նրանից ոչ մեկի չեն ճանաչում»,- գրում է հոդվածագիրը:
Նա առաջարկում է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին սովորեցնել վրացերեն, ինչով, ըստ նրա, պետք է զբաղվի երկրի կառավարությունը, այնինչ դա իշխանություններին ձեռնտու չէ, եւ նրանք այդ տարածաշրջաններին (Մարնեուլի, Ախալքալաք) ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում:





























