Վարչապետ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության գերակա թեկնածուն է 2012թ. նախագահական ընտրություններում: Այս մասին հայտարարել է կուսկացության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովը:
«Ինչ վերաբերում է 2012թ. ընտրություններին, ապա կուսակցությունը կկողմնորոշվի դեպի իր առաջնորդ Վլադիմիր Պուտինը», – հայտարարել է նա, գրում է Gazeta.ru-ն:
Ապրիլի 12-ին հրապարակվել էր նախագահ Դ. Մեդվեդեւի հարցազրույցը չինական հեռուստաընկերությանը, որտեղ նա ասել էր, թե առաջիկայում կհայտարարի` առաջադրվելու է, թե ոչ նախագահական ընտրություններում: Նա առաջին անգամ խոսել էր նաեւ որոշ հարցերի շուրջ իր եւ վարչապետ Պուտինի տարբեր դիրքորոշումների, ինչպես նաեւ Ռուսաստանի զարգացման մեթոդների հարցում ունեցած տարբեր մոտեցումների մասին:
Պուտինը մեկ օր անց լրագրողներին ասել էր, թե իրենք երկուսն էլ` եւ Մեդվեդեւը, եւ ինքը, չեն բացառում, որ կառաջադրվեն: Սակայն, ըստ նրա, մինչ ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, եւ չի կարելի ավելի վաղ հայտարարել այդ մասին, քանի որ թե կառավարությունում, թե նախագահի աշխատակազմում մարդիկ չեն կարողանա բնականոն աշխատել:





























