Տյումենի մարզում դատում են երկու երիտասարդ հայերի` տարեց կնոջ դաժան սպանության համար:

Քննությունը պարզել է, որ 26-ամյա Գեւորգ Բազոյանը Նովայա Զաիմկա գյուղում ապրել է մի աղջկա հետ եւ իմացել, որ նրա տատը գումար ունի: 2010թ. օգոստոսի 15-ին երիտասարդը ընկերներին` Սուրեն Մելքոնյանին եւ Ասքանազ Պողոսյանին առաջարկել է գողանալ տատիկի խնայողությունները:

Օգոստոսի 16-ի գիշերը նրանք եկել են իրենց զոհի տան մոտ եւ մտել ներս: Կինն արթնացել է, եւ Բազոյանն ու Մելքոնյանը սկսել են դաժանաբար ծեծել նրան` պահանջելով հայտնել գումարի տեղը: Գանգի կոտրվածքից կինը տեղում մահացել է, իսկ չարագործները 2 հազար 650 ռուբլի են գտել:

Հանցագործներին ձերբակալել էին մի քանի օր անց եւ մեղադրանք ներկայացրել: Գեւորգ Բազոյանն ու Սուրեն Մելքոնյանը մեղադրվում են ավազակության եւ կանխամտածված սպանության, իսկ Ասքանազ Պողոսյանը` կողոպուտի մեջ: