Բեռլինում ապրիլի 14-ին տեղի է ունեցել Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: էդվարդ Նալբանդյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման եւ ծառայությանն առնչվող հարցերում արդյունավետ համագործակցության համար:
Բեռլինում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիներին, քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել անցյալ տարի ՀՀ նախագահի Գերմանիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու նպատակով:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, համագործակցությունը՝ մշակութային եւ կրթական ոլորտներում:
Քրիստոֆ Հոյսգենի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ավստրալիայի Քեվին Ռուդի հետ էր:
Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ միջազգային ֆորումների շրջանակներում իրենց հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, եւ դա լավ հնարավորություն է քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
Նախարարները մանրամասն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ կարճատեւ զրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:





























