Բելառուսական հետաքննիչները բացահայտել են Մինսկի մետրոյում ահաբեկչական ակտ իրականացրած անձին` բջջային հեռախոսի միջոցով:
Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայան պարվդա»-ն: Պայթուցիկ նյութը գործի դնելուց առաջ ահաբեկիչը զանգահարել է բջջային հեռախոսով:
Հանցագործի գործողությունները արձանագրել են մետրոյի «Օկտյաբրյանսկայա» կայարանում տեղադրված հսկող տեսախցիկները: Ուսումնասիրելով տեսագրությունը, հետաքննիչները բջջային օպերատորների միջոցով պարզել են, թե ինչ հեռախոսահամարներից են զանգեր կատարվել ահաբեկչական ակտի ժամանակ: Այդ տեղեկության օգնությամբ հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը:
«Օկտյաբրյանսկայա» կայարանում պայթյունը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 11-ին, երեկոյան «պիկ ժամին»: Պայթյունի հետեւանքով 12 մարդ զոհվել է, շուրջ 200 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածք: Նրանց թվում են ազգությամբ երկու հայեր:





























