Այսօր՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը:
Սերժ Սարգսյանը մեկ շաբաթով մեկնելու է աշխարհի խոշորագույն հայկական գաղթօջախներ՝ հանդիպելու համայնքի ներկայացուցիչներին եւ լսելու նրանց կարծիքները՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություների վերաբերյալ:
Սերժ Սարգսյանն առաջինը լինելու է Փարիզում, ապա Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Բեյրութում եւ իր ուղեւորությունն ավարտելու է Դոնի Ռոստովում՝ հոկտեմբերի 7-ին: Բոլոր քաղաքներում նախագահն անցկացնելու է մեկ օրից էլ պակաս, բացառությամբ Լոս-Անջելեսի, որտեղ հանդիպելու է նաեւ հայկական հեռուստաալիքների լրագրողներին:
Ի դեպ, որոշ տեղերում հայկական համայնքը Հայաստանի նախագահին դիմավորելու է բողոքի գործողություններով եւ արձանագրությունները մերժող ստորագրահավաքներով:




























