ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան չի շարունակի Հայաստանում ֆինանսավորել ծրագրեր, քանի որ կառավարման որոշ թերացումներ կան Հայաստանում։ Այս մասին ապրիլի 15-ին հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները կարող են աշխատել թերությունները շտկելու ուղղությամբ, եւ միգուցե ֆինանսավորումը վերսկսվի։

«Սա պետք է խթան լինի, որպեսզի Հայաստանի կառավարությունը աշխատանք  իրականացնի ցուցանիշների բարելավման մասով, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին»,- ասաց ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ կառավարման թերությունների մեջ են ներառված նաեւ ընտրությունների անցկացման, մամուլի ազատությանը, հանրահավաքների կազմակերպման ոչ ազատ պայմանների խնդիրները։

Դեսպանի խոսքով՝ 2011թ. սեպտեմբերին Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ավարտին, Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ներդրված կլինի 180 մլն դոլար։