Գյուղատնտեսական աշխատանքները Հայաստանում թափ են առնում, ինչից որոշել են օգտվել դիզվառելիք ներմուծող խոշոր ընկերությունները։
Հայտնի է, որ գյուղատնտեսությունը հիմնականում օգտագործում է դիզելային վառելիք։ Գյուղատնտեսական սեզոնի ընթացքում, հատկապես գարնանացանի ժամանակ, վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է։ Դրանից օգտվելով՝ դիզվառելիք ներմուծողները երեկ բարձրացրել են այդ ապրանքի գինը։ Մեկ լիտր դիզվառելիքը երեւանյան բենզալցակայններում վաճառվում է 430 դրամով՝ այնքան, ինչքան ռեգուլյար բենզինի գինն է։ Իսկ եվրոպական դիզվառելիքը վաճառվում է 450 դրամով։
Որոշ լցակայաններում NEWS.am-ին փորձեցին հավաստիացնել, որ դիզվառելիքի թանկացման պատճառը բացառապես միջազգային շուկան է, ու առաջիկայում կթանկացնեն նաեւ բենզինը։ Սակայն այս հավաստիացումները բավարար չեն։ Վերջին օրերին, ընդհակառակը, միջազգային շուկայում էներգակիրները սկսել են էժանանալ։ Շատ ավելի հավանական է, որ ներկայում մենք գործ ունենք դիզվառելիքի սպեկուլյատիվ գնի հետ։ Հիշեցնենք, որ դիզվառելիքի շուկայում կան գերիշխող դիրք գրավողներ՝ «Ֆլեշ» եւ «Սիթի պետրոլ գրուպ», որոնք տիրում են շուկայի մոտ 88 տոկոսին (աղբյուր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստր)։
Նշենք, որ դիզվառելիքի թանկացումից տուժում են ոչ միայն գյուղացիները։ Բացվել է նաեւ շինարարական սեզոնը, որտեղ դիզվառելիքի նկատմամբ նույնպես պահանջարկի էական աճ կա։





























