Այսօր, ապրիլի 16-ին ուշ երեկոյան Մադրիդում կկայանա մրցաշրջանի երկրորդ սուպերկլասիկոն: Իսպանիայի առաջնությունում Ռեալը կընդունի Բարսելոնային:

Խաղից առաջ դարձյալ տարօրինակ վարքով առանձնացել է Ժոզե Մոուրինյոն: Ռեալի մարզիչը մամուլի ասուլիսում ոչ մի բառ չի ասել: Նրա օգնականը լրագրողներին ասել է, որ Մոուրինյոն պատրաստ չէ պատասխանել հարցերին, որպեսզի չսրի դիմակայությունը: Օգնականը նաեւ փոխանցել է, որ Մոուրինյոյին հոգնեցրել է լրագրողների կողմից իր յուրաքանչյուր բառը չափազանցնելու եւ սենսացիա դարձնելու գործելաոճը: Ասուլիսին ներկա եղած 30 լրագրողները լքել են դահլիճը:

Մոուրինյոյի եւ իսպանական մամուլի պատերազմը շարունակվում է: Իսպանական լրատվամիջոցների մեծ մասը բացասական է գնահատում Մուորինյոյի աշխատանքը եւ ֆուտբոլիստների հետ շփումը սահմանափակելու նրա մոտեցումը: Ռեալին ամենամոտ կանգնած լրագրողներին նույնիսկ արգելվել է ներկա լինել թիմի մարզումներին:

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն բնորոշ հանգիստ ոճով խաղից առաջ զրուցել է լրագրողների հետ, ասել է, որ թիմի ավագ Պույոլը, որը վնասվածքի պատճառով մի քանի ամիս բաց է թողել, թիմի հետ կլինի Մադրիդում եւ նույնիսկ հնարավոր է դուրս գա խաղադաշտ:  

Գվարդիոլան Ռեալից սպասում է արագ եւ սուր ֆուտբոլ եւ իր թիմի խնդիրն է համարել գերկենտրոնացած մոտեցում մրցակցի յուրաքանչյուր ֆուտբոլիստին ամբողջ հանդիպման ընթացքում: