Սեպտեմբերի 30-ի երեկոյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ դրություն է եղել: NEWS.am-ի տեղեկություններով, օդանավակայանում կարանտին իրականացնող բժիշկները Հայաստան ժամանած մի քանի ուղեւորի մոտ «խոզագրիպ» էին կասկածել, մեկուսացրել նրանց եւ հետազոտել:
Օդանավակայանում գործող կարանտինի կետից NEWS.am-ին հայտնեցին, որ ոչ թե մի քանի, այլ ընդամենը մեկ հոգի է եղել, որը բարձր ջերմություն է ունեցել, եւ նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Հայաստանի գլխավոր համաճարակաբան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ երիտասարդին մոտ վեց ժամ հետազոտել են, պարզել, որ նրա մոտ սովորական անգինա է, եւ ուղարկել են տուն:
Ի դեպ, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե որ չվերթով է այդ երիտասարդը ժամանել Հայաստան:




























