«Ինչո՞ւ եք ենթադրում, որ պատմաբանների ենթահանձնաժողովում մերոնք ավելի հմուտ, ոչ դիլետանտ ու ավելի պրոֆեսիոնալ կլինեն: Չէ՞, որ այդ հանձնաժողովի ստեղծումը ենթադրում է, որ մինչեւ օրս բերված ապացույցները, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, այնքան էլ ծանրակշիռ չեն: Նորերն են պետք, որ այդ հանձնաժողովում քննարկվեն»,- այսօր հայ-թուրքական արձանագրությունների խորհրդարանական լսումների ժամանակ իր խոսքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Այնուհետեւ անդրադառնալով Կարս-Գյումրի ճանապարհի բացմանը՝ ասաց. «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը կառուցվելու է, իսկ եթե հանկարծ Կարս-Գյումրի ճանապարհը բացվի, որին ես չեմ հավատում, դա կլինի փակուղային ճյուղ, որը կիմաստավորվի միայն, եթե հասնի Նախիջեւան: Եվ ահա այս փոքրիկ ճյուղից օգտվելու համար մենք պատրաստ ենք գնալ զիջումների»:

«Քսան տարի մենք պայքարեցինք ԼՂ-ի եւ ազատագրված տարածքների բնակեցման համար եւ ոչ մի շարժ: Բայց չէ՞ որ, եթե այդ տարածքները բնակեցվեին, մենք այսօր չէինք ունենա մադրիդյան սկզբունքներ, չէինք ունենա թուրքական կողմից փորձեր՝ փոխկապակցելու հայ-թուրքական բանակցությունները ԼՂ հարցի հետ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն 10 տարուց ավելի իշխանության մաս է եղել, որի ընթացքում ոչ միայն տարածքների բնակեցում տեղի չի ունեցել, այլ նաեւ բնակչության հոսք է նկատվել Ղարաբաղից Հայաստան:

Նա խոսեց նաեւ 500 միլիոն դոլարի ռուսական վարկի մասին՝ նշելով, որ կառավարությունը «քոռուփուչ» արեց դրանք: «Պատասխան տալի՞ս են դրա համար, սուտ խոստումների համար, որ երկիրը տարբեր կենտրոններ է դարձնելու»,- հարց ուղղեց ՀՅԴ գործիչն ու հավելեց, որ եթե այդ սխալների համար պատասխան են տալու հաջորդ ընտրություններում, ապա ազգային հարցերում կատարած քայլերի համար պատասխան են տալու հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում: