Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը դպրոցներից արդեն մասնագետների ցանկ է պահանջել, որպեսզի ուղարկի նրանց վերապատրաստման՝ որպես շախմատի մարզիչ:

Գյումրիի շատ դպրոցներում ողջունում են ՀՀ կրթության ու գիտության նախարարության այն ձեռնարկը, համաձայն որի դպրոցներում տարրական դասարններից սկսած պարտադիր շախմատ է ուսուցանվելու:

«Ես միայն կարող եմ ողջունել: Շախմատը երեխայի մոտ զարգացնում է տրամաբանությունը: Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր շախմատ են խաղում, լավ են լուծում մաթեմատիկական խնդիրները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի 7-րդ դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

«Մեր դպրոցում մինչ այդ էլ շախմատ ուսուցանվում էր, միայն թե պարտադիր չէր, այլ ցանկությամբ: Քչերն էին ցանկանում շախմատ սովորել, բայց ով մասնակցում էր պարապմունքներին, այլեւս չէր ուզում տուն գնալ»,-ասել է նույն դպրոցի փոխտնօրեն Վիսլա Սարգսյանը՝ շարունակելով, որ իրենց դպրոցն անգամ հագեցած է գույքով եւ ունի նաեւ մարզիչներ, որոնց ուղարկելու են վերապատրաստման: