Վատ չէր լինի, եթե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ականջալուր լիներ իր նախորդի՝ Վարդան Օսկանյանի, խոսքերին եւ մի կողմ թողներ վերջինիս նկատմամբ տածած հնարավոր թշնամանքը։ Նա կարող է դա անել, քանի որ Օսկանյանին չի կարելի մեղադրել այն բանում, որ նա ՀՅ Դաշնակցության անդամ է. չէ՞ որ այդ կուսակցության անդամ լինելը Հայաստանի իշխանությունների եւ Հայկական սփյուռքի որոշ շրջանակների կողմից համարվում է հանցագործություն,- Կիպրոսի հայ համայնքի «Կիպրահայեր» ամսագրի էջերում գրում է վերլուծաբան Ժան Իփջյանը։
Վերլուծաբանը նշում է, որ "տարակուսանք է հարուցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված երկու արձանագրությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Կցանկանայինք իմանալ, թե ինչը կարող է վերականգնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ Սփյուռքի խարխլված վստահությունը այնպիսի անհարգալից վերաբերմունքից հետո, որը նրանք ցուցաբերեցին։ Չնայած, որ Սփյուռքը միշտ Հայաստանի կողքին է եղել՝ Խորհրդային Միության 70-ամյա պատմությունից ժառանգած սոցիալական բոլոր խնդիրները, անօրինականությունը, հովանավորչությունն ու բացասական այլ երեւույթներ հաշվի չառնելով։
Ներկա դրությամբ այն փաստը, որ երկրի արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանը հայտարարում է, թե արձանագրությունների բովանդակությունը չի կարող փոփոխվել, հեշտացնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործը՝ ելք ցույց տալով ստեղծված բարդ իրավիճակից. այն, ինչ մնում է անել նախագահին՝ իր նախարարին ձախողման մեջ մեղադրելն է, նրան աշխատանքից ազատելն ու փաստաթղթերը ստորագրելուց հրաժարվելը։




























