Պաս Էստեբան Լոպեսը կդառնա Իսպանիայի Ազգային հետախուզական կենտրոնի (ԱՀԿ) նոր տնօրենը: Այդ մասին լրագրողներին հայտնել են թագավորության կառավարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա այդ պաշտոնին կնշանակվի Նախարարների խորհրդի նիստի ընթացքում, որը կկայանա փետրվարի 4-ին: «Նա կդառնա իսպանական ժողովրդավարության մեջ առաջին կինը, որը կստանձնի ԱՀԿ-ի ղեկավարի պատասխանատվությունը՝ կազմակերպության, որը համակարգում է շուրջ 3.5 հազար մարդու աշխատանքն ու կատարում ազգային եւ միջազգային հարթակում նոր մարտահրավերների լուծման համար Իսպանիայի կառավարությանը խորհուրդներ տալու գործառույթը»,-հավելել են երկրի կառավարությունում:

Պաս Էստեբան Լոպեսը ծնվել է Մադրիդում 1958 թվականին: Այդ պաշտոնում նա կփոխարինի Ֆելիքս Սանս Ռոլդանին, որը հրաժարական է տվել օրենքով նախատեսվեծ իր լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ: