Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը Մուհամմեդ Տաուֆիկ Ալաուիին նշանակել է վարչապետի պաշտոնում։ Նա հաստատել է խորհրդարանի կողմից առաջադրված կոմունիկացիաների նախկին նախարարի թեկնածությունը եւ հանձնարարել է նրան մեկ ամսվա ընթացքում ձեւավորել նոր կառավարություն, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով Իրաքի պետական հեռուստատեսությանը։
Ալաուին պետք է գլխավորի կառավարությունը մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Ալաուին հայտարարել է, որ կհեռանա վարչապետի պաշտոնից, եթե տարբեր քաղաքական ուժեր փորձեն պնդել նախարարների պաշտոններում իրենց թեկնածուների հաստատումը։ Միաժամանակ, նա ցուցարարներին կոչ է արել շարունակել ցույցերն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։
Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդել Մահդին շարունակվող ցույցերի հետեւանքով նոյեմբերին հրաժարական էր տվել։ Այդ ժամանակվանից հակամարտող ուժերը չէին կարողանում պայմանավորվել կառավարության նոր ղեկավարի թեկնածության շուրջ։





























